Call: (+374 60) 65 74 41

Թռչնադիտարկում և մշակույթ

Դսեղ - Սանահին վանք - Հաղպատ վանք

 

Առավոտյան Դսեղի Այցելուների Կենտրոնից մեքենայով կիջնենք գյուղի հյսուսիսային կողմով անցնող Մարց գետի ձորը: Դեպի ձոր տանող ճանապարհը անցնում է սաղարթախիտ անտառով, իսկ հետագայում նրա ողջ երկայնքով երևում է արագահոս Մարց գետը:

Այս ընթացքում կարելի է տեսնել բազմաթիվ թռչնատեսակների` ճնճղուկազգիներից մինչև գիշատիչներ. Կիսասպիտակավիզ և Մոխրագույն ճանճորսներ, Հատբեկիչներ, Կանաչ, Սիրիական և Խայտաբղետ փայտփորներ, Սպիտակագլուխ անգղեր, Գիշանգղեր, Մորուքավոր անգղեր, Ճուռակներ, Սև ցին, Լորաճուռակ և այլ հետաքրքիր ու բազմախայտ տեսակներ:

Այնուհետև կիրճից դուրս եկող ճանապարհը միանում է դեպի Վրաստանի սահմանը հասցնող մայրուղուն, որով և կհասնենք հինավուրց Սանահին վանական համալիր: Այս համալիրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում, համանուն գյուղում։ 1996 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ–ի կողմից ճանաչվել է համաշխարհային մշակութային ժառանգության մաս։ Սանահինի վանական հաստատությունը հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966 թ.-ին: Դարձել է Կյուրիկյանների վարչական կենտրոնը և տոհմական դամբարանը, X-XI դդ. եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագույն տիպի դպրոց, դրան կից հարուստ գրադարան։

Վերադառնալով գլխավոր մայրուղի` շարունակում ենք ճանապարհը տեպի հաջորդ նպատակակետը` Հաղպատի վանքը: Հաղպատավանքը հայկական միջնադարյան խոշոր վանական համալիր է, նախկին համալսարան: Գտնվում է ՀՀ Լոռու մարզի Հաղպատ գյուղում։ Սանահինի վանքի հետ միասին հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։

Հիմնադրվել է 10-րդ դարի երկրորդ կեսին։ 10-13-րդ դարերում Հայաստանի նշանավոր հոգևոր և մշակութային կենտրոններից էր։ Վերելք է ապրել հատկապես 12-ից 14-րդ դարերում, երբ Տաշիր-Ձորագետի կառավարիչներն էին Արծրունիները, ապա՝ Զաքարյանները։ Լայնորեն հայտնի էին Հաղպատի դպրոցը, գրադարանը, ուսուցանել են փիլիսոփայություն, հռետորություն, աստվածաբանություն, երաժշտություն, ընդօրինակել և նկարազարդել են ձեռագրեր:

Վանքերի տարածքում հանդիպում են այնպիսի թռչնատեսակներ, ինչպիսիք են` Գյուղական և Քաղաքային ծիծեռնակներ, Սև մանգաղաթևեր, Սովորական և Սևուկ կարմրատուտեր, Երաշտահավեր, Սիրիական փայտփորներ, Սովորական և Տափաստանային ճուռակներ, Սովորական հողմավար բազեներ և այլ գունագեղ տեսակներ:


ԱՄՐԱԳՐԵԼ


Шаблоны Joomla 3.4.
Сайт своими руками.